Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչ 31-ամյա Ջեյմս Դիրմանը տեսախաղի պատճառով սպանել է իր վեցամյա որդուն: Միջադեպը տեղի է ունեցել Սուրբ ծնունդի նախօրեին, հայտնում է Sky News–ը:

Ինչպես ոստիկանությանը պատմել է ձերբակալվածի ընկերուհին, խաղացող տղամարդը իր երկու որդիներին քնելու էր ուղարկել, սակայն նրանք շարունակել են աղմկել: Այդ ժամանակ հայրը որոշել էր պատժել երեխաներին, կարգադրել էր նրանց պատի մոտ կանգնել ու շրջվել:

Սակայն, նկատելով, որ կրտսերը հետեւում է, թե ինչպես է ինքը խաղում, Դիրմանը տղային բազմոցի վրա է գցել ու նստել նրա վրա՝ նրա դեմքը սեղմելով բարձերի մեջ: Հայրը շարունակում էր խաղալ նույնիսկ այն ժամանակ, երբ որդին բղավում էր, որ շնչել չի կարողանում: Դրա հետեւանքով երեխան խեղդվել է, հայտնել է Lenta–ն:

Երբ զույգը հայտնաբերել է, որ երեխան չի շնչում, փրկության ծառայություն է զանգահարել , սակայն դեպքի վայր ժամանած փրկարարները ընդամենը տղայի մահն են արձանագրել: Այս պահին Դիրմանը բանտում է եւ սպասում է դատավարությանը: