Էստոնիայի 62-ամյա նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսի ու նրա հարսնացուի՝ Լատվիայի պաշտպանության նախարարության 38-ամյա աշխատակցուհու՝ Իեվա Կուպցեի պսակադրությունը կայացել է հունվարի 2-ին: Սա Էստոնիայի նախագահի երրորդ ամուսնությունն է:

Էստոնական լրատվամիջոցների փոխանցմամբ, պսակադրությունը փակ է եղել լայն հասարակության համար եւ, նախագահի ու նրա հարսնացուի ցանկությամբ, անցել է ընտանեկան նեղ շրջանակում: Արարողությանը ներկա է եղել շուրջ 40 մարդ:

Պսակադրության արարողությունն անցկացվել է երեք լեզուներով՝ էստոներեն, լատվիերեն ու անգլերեն:

Էստոնիայի նախագահի հետ Իեվա Կուպցեն ծանոթացել էր 2003 թ. Բրյուսելում, երբ Իլվեսը Եվրախորհրդարանի պատգամավոր էր, իսկ Կուպցեն եվրոպական օրենսդիր մարմնի աշխատակից:

Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը ու նրա կինը՝ Էվելին Իլվեսը անցած տարվա ապրիլի 30-ին պաշտոնապես ամուսնալուծվեցին: Նրանք ամուսնացել էին 2004 թ: Էստոնական լրատվամիջոցները Իլվեսների ընտանիքում սկսված տարաձայնությունները կապակցում են Էվելինի շուրջ սկանդալի հետ, որը բարձրացել էր մի շարք պարբերականներում նախագահի կնոջ լուսանկարների ու տեսագրությունների հրապարակումից հետո: Այդ լուսանկարների վրա երեւում է, թե ինչպես է նա գիշերը Տալինի բարերից մեկում ինչ -որ երիտասարդ տղամարդու հետ գրկախառնվում ու համբուրվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: