Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հետեւել է մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին: Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ հաղորդագրության՝ գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով մոբիլիզացվել է մասնագիտացված բազմաֆունկցիոնալ ամբողջ տեխնիկական կազմը: Գլխավոր ու երկրորդական փողոցներում կուտակված ձյունը քաղաքից դուրս տեղափոխելու նպատակով աշխատանքներում ներգրավվել են նաեւ ամբարձիչներ:

«Ձյան մաքրման աշխատանքները մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում կշարունակվեն նաեւ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը, զուգահեռաբար շարունակելով մաքրել նաեւ մայթերն ու բակային տարածքները: Վերջինի մասով լայնածավալ աշխատանքները հիմնականում կիրականացվեն համատիրությունների կողմից: Ինչպես եւ նախորդող օրերին, բոլոր աշխատանքները տեղերում կհամակարգեն վարչական շրջանների ղեկավարները: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաեւ ծառերի ճյուղերը առատ ձնից բեռնաթափելու աշխատանքներ: Վարչական շրջաններում արդեն ընթանում են շքամուտքերի աստիճանների, վերգետնյա եւ ստորգետնյա անցումների ու միջբակային հատվածներում առկա աստիճանահարթակների մաքրման եւ աղ ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ձեռքբերված պայմանավորվածության, շինարարական եւ մասնավոր որոշ կազմակերպություններ եւս տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների կազմակերպման հարցում: Հատկապես շոշափելի աջակցություն է ցուցաբերվում ամբարձիչների տրամադրման տեսքով, որոնց քանակը «Սանիտեք» ընկերությունում բավարար չէր՝ նման ծավալի տեղումների հետեւանքները արագ վերացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ քաղաքապետի առաջին տեղակալը նաեւ նշել է, որ ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին զուգահեռ առաջիկա ողջ գիշերվա ընթացքում կիրականացվի նաեւ ճանապարհների աղ ու ավազով մշակման աշխատանքներ՝ փողոցների անցանելիությունը լիարժեք ապահովելու նպատակով: