ԵՄ արտաքին գործերով ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մողերինին նախազգուշացրել է, որ Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ Նիմր ան- Նիմրի մահապատիժը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ:

Մողերինին նշել է, որ ԵՄ-ն դեմ է արտահայտվում մահապատժի կիրառմանը «անկախ հանգամանքներից»: «Շեյխ Նիմր ան -Նիմրի դեպքը լուրջ մտահոգություն է առաջացնում տեսակետների արտահայտման ազատության ու քաղաքացիական ու քաղաքական հիմնական իրավունքները հարգելու կապակցությամբ»,- հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: «Այս դեպքը կարող է հանգեցնել նաեւ միջկրոնական լարվածության բորբոքմանը, որն արդեն այդքան վնաս է հասցրել ամբողջ տարածաշրջանին եւ վտանգավոր հետեւանքներ ունենալ»,- հավելել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտնել էր, որ ան- Նիմրի մահապատիժն ազդելու է Մերձավոր արեւելքի իրադրության վրա:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտնել էր ահաբեկչության ու ահաբեկչություն հրահրելու մեղադրանքով դատապարտված 47 մարդու մահապատժի իրականացման մասին: Մահապատժի ենթարկվածներից էր նաեւ շիա քարոզիչ ան -Նիմրը: