Վրաստանում կրոնական հողի վրա 23-ամյա ադրբեջանցի է սպանվել:  Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիի մերձակայքում գտնվող, ադրբեջանցիներով բնակեցված Սոգանլիգ գյուղում:  

Ինչպես հայտնել է Վրաստանում Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության ներկայացուցիչ Այվազ Մարդանովը, Ֆիքրեթ Ահմեդովի սպանության պատճառ է դարձել «Իմեդի» հեռուստաալիքին նրա տված հարցազրույցը: Հարցազրույցում Ֆ. Ահմեդովն ասել է, որ գյուղում մեծացել է արմատական սալաֆիթների թիվը: 

«Երբ Ֆ. Ահմեդովի համագյուղացի Ռամին Իսաեւը տեղեկացել է հարցազրույցի մասին, Ֆիքրեթին հանդիպման է կանչել: Նրանք հանդիպել են գյուղական դպրոցի մոտակայքում եւ այնտեղ Իսաեւը դանակով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Ֆ. Ահմեդովին: Ռ. Իսաեւը եւ Ֆ. Ահմեդովը մոտ ընկերներ էին: Ռ. Իսաեւը շիա էր, հետո արմատական իսլամիստների ջատագով էր դարձել», - ասել է մուֆթին: 

Մուֆթիի խոսքով, գյուղի բնակիչները բազմիցս բողոքել են գյուղում սալաֆիթների ճնշող ազդեցության դեմ: Այսպես` արմատականները ցանկանում էին գյուղում մզկիթ կառուցել, սակայն գյուղի բնակիչները դատարան էին դիմել, եւ դատարանի որոշմամբ շինարարությունը դադարեցվել էր:  

Շիաների եւ սալաֆիթների միջեւ հակամարտության մասին պատմել էր  «Իմեդի» հեռուստաալիքը, եւ հեռուստահաղորդման հեռարձակումից հետո շիաների եւ սալաֆիթների միջեւ դիմակայությունն ավելի էր ուժեղացել:  

Ռ. Իսաեւը փախել է: Ներկայումս վրացական ոստիկանության աշխատակիցները սկսել են հանցագործի որոնումը: Ֆ. Ահմեդովն այսօր կհուղարկավորվի հարազատ գյուղում: