ԱՄՆ-ի նախագահության թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Բարաք Օբաման եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանատվություն են կրում  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծման համար:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Թրամփն այդ մասին հայտնել է ամերիկյան Միսսիսիպի նահանգում ելույթի ընթացքում: 

«Նրանք են ստեղծել ԻՊ-ը: Հիլարի Քլինթոնն է ստեղծել ԻՊ-ը Օբամայի հետ միասին», - ասել է Թրամփը, որի ելույթի ձայնագրությունը հրապարակել է  Associated Press գործակալությունը:

Թրամփը նաեւ իր գնահատականն է տվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում իրադարձություններին, որտեղ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել Սաուդյան Արաբիայում շիա հայտնի քարոզիչ շեյխ Նիմրա ան-Նիմրայի մահապատժի հետ կապված: Ցուցարարներին հաջողվել էր ներխուժել Իրանում թագավորության դեսպանատան տարածք, սակայն շուտով օրենքի պահապանները նրանց քշել էին այդտեղից:

«Թեհրանում այրում են Սաուդյան Արաբիայի դեսպանատունը, հասկանո՞ւմ եք:  Հարցն այն է, որ Իրանը փորձում է ազդեցություն ձեռք բերել Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Նրանք միշտ փորձել են:  Նրանք ուզում են նավթին տիրանալ», - ենթադրում է Թրամփը:

Միաժամանակ Իրանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել Իսլամական Հանրապետության տարածքում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց բողոքի ակցիաներից