Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին քաղաքական մեծ սխալ է անվանել Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատիժը: 

Իսլամական Հանրապետության առաջատար աստվածաբանների խորհրդակցությանը ելույթ ունենալով` Խամենեին հայտնել է, որ անարդարացիորեն հեղված արյունը կհանգեցնի նրան, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը կպատժվի իր արածի համար: Այաթոլլա Խամենեին քննադատության է ենթարկել նրանց, ովքեր «աջակցում են Էր-Ռիյադին` պնդելով, թե իրենք ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքարող մարտիկներ են, սակայն լռություն են պահպանում անմեղ արյան վերաբերյալ, որը սաուդյան վարչակարգը հեղում է Եմենի նման  երկրներում»: Իրանի հոգեւոր առաջնորդն ընդգծել է, որ իսլամական աշխարհը եւ մնացած երկրները պիտի պատասխանատվություն հանդես բերեն եւ դատապարտեն այդ հանցագործությունները` սաուդյանների գործողություններին իրենց վերաբերմունքը հայտնելով: