Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Սաուդյան Արաբիային կոչ է արել խուսափել գործողություններից, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում բռնության աճին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը Մոգերինիի եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի միջեւ կայացած հեռախոսազրույցից հետո:

Մոգերինին նաեւ հիշեցրել է, որ Եվրամիությունը դեմ է մահապատժին ցանկացած պարագայում եւ մտահոգոթյուն հայտնել մահմեդական աշխարհում միջէթնիկական բռնությունների աճի սպառնալիքի առնչությամբ, նաեւ ափսոսանք հայտնել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման առնչությամբ:

Շաբաթ գիշեր Թեհրանում մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Սաուդյան Արաբիայի դեսպանատան տարածք, 40 մարդ ձերբակալվել էր: Պատճառը շաբաթ Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրին մահապատժի ենթարկելն էր: Նա ձերբակալվել էր 2012թ. հուլիսին զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: