Մալվինյան կղզիների (Ֆոլքլենդյան կղզիներ) նկատմամբ վերահսկողության վերականգնումը Արգենտինայի քաղաքականությունն է ու համապատասխանում է արգենտինացի ժողովրդի սպասումներին: Այս մասին ասված է Արգենտինայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, որն արվել էր կղզիներում բրիտանական զորքեր մտցնելու տարելիցի կապակցությամբ:
Արգենտինայի իշխանությունները Մեծ Բրիտանիային կոչ են արել վերականգնել բանակցությունները վիճելի կղզիների հարցով: «Այսօր՝ կղզիների ապօրինի բռնազավթումից 183 տարի անց, Արգենտինայի կառավարությունն ու ժողովուրդը հերթական անգամ հաստատում են Մալվինյան կղզիների, Հարավային Գեորգիայի եւ Հարավային Սանդվիչի կղզիների նկատմամբ Արգենտինայի Հանրապետության անքակտելի իրավունքը»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Ֆոլքենդյան կղզիներն արդեն մոտ 200 տարի է կռվախնձոր են Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ:




























