ԱՄՆ-ի իշխանությունները տեղեկությունների պակաս ունեն 2015-ի դեկտեմբերի 2-ին Կալիֆորնիայի Սան Բեռնարդինո քաղաքում ԻՊ (ԴԱԵՇ) ահաբեկչական խմբավորման երկու կողմնակցի իրականացրած ահաբեկչական գործողության ամբողջական պատկերը վերականգնելու համար: Այդ գործի հետաքննությանն օգնելու խնդրանքով բնակչությանն է դիմել Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) բաժանմունքը:
Հետաքննությունը չի կարողանում պարզել, թե ահաբեկիչներն ինչ են արել 18 րոպե տեւած ժամանակահատվածում` հաշմանդամների օգնության կենտրոնում ահաբեկչական գործողությունից մինչեւ մեքենայով փախչելը ոստիկաններից, որոնք հետապնդումից հետո գնդակահարել էին ահաբեկիչ ամուսիններին: ՀԴԲ-ի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ինչ-որ մեկի մոտ կարող են այդ ժամանակահատվածին վերաբերող տեղեկություններ, լուսանկարներ կամ տեսանյութեր պահպանված լինել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերի սկզբին Սաիդ Ֆարուք եւ Թաշֆին Մալիք ամուսինները պետական ծառայողների երեկույթի ընթացքում կրակ էին բացել կալիֆորնիական Սան Բեռնարդինո քաղաքի բժշկական կենտրոնում: Ահաբեկչությանը զոհ է գնացել 14 մարդ, եւս 21-ը վիրավորվել է: Հրաձիգներն իրենց աջակցությունն են հայտնել ԻՊ-ին, որը հետագայում ստանձնել է տեղի ունեցածի պատասխանատվությունը:




























