Ամերիկյան իշխանությունները խստացնում են վերահսկողությունը հրազենի շրջանառության նկատմամբ, որի վաճառքը խանութներում, համացանցի միջոցով կամ ցուցահանդեսներում կթույլատրվի միայն հատուկ արտոնագրերով: Ինչպես հաղորդել են Սպիտակ տնից, հունվարի  6-ին այդ մասին պաշտոնապես կհայտարարի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Տեղեկատու նյութերի համաձայն, որոնք տարածել է նախագահի մամուլի ծառայությունը, միջոցների փաթեթը նախատեսում է նաեւ հրացանների եւ ատրճանակների պոտենցիալ գնորդների պարտադիր ստուգում: Նրանց տրամադրած տեղեկատվությունը կհամեմատվի ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հատուկ բազայի տվյալների հետ, որտեղ տեղեկություններ հավաքված կլինեն ոչ միայն վտանգավոր հանցագործների, այլեւ այն մարդկանց մասին, որոնք տառապում են հոգեկան խանգարումներից կամ էլ ընտանեկան բռնություն են իրականացրել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Նախատեսված է նաեւ, որ ազգային անվտանգության նախարարությունը, արդարադատության նախարարությունը եւ Պենտագոնը միասին կզբաղվեն նոր տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք արգելափակում են կողմնակի անձանց, այդ թվում նաեւ` երեխաների եւ պատանիների կողմից հրազենի օգտագործումը: Ընդհանուր փաթեթի մեջ ներառված որոշ միջոցներ Կոնգրեսի կողմից հավանություն են ենթադրում, բայց դրանց մեծամասնությունն ընդունվել է նախագահական հրամանագրի հիման վրա: