Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին իր ելույթների ընթացքում Օստապ Բենդերին է հիշեցնում, սակայն վերջինս ավելի հետաքրքիր եւ հեռատեսորեն էր ելույթ ունենում, համարում է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը: 

«… Օստապը կարճ, հստակ էր խոսում, խուսափում էր կրկնություններից, իսկ իր հեռանկարների մասին համեստորեն լռում էր: Սաակաշվիլին խոսում էր երկար, ձանձրալի, բազմաթիվ կրկնություններով, բացարձակապես խուսափելով կոնկրետությունից եւ ի ցույց դնելով լիակատար անօգնականություն եւ Ուկրաինայի տնտեսության առաջ կանգնած խնդիրների էությունը ըմբռնելու անկարողություն, —  Facebook-ի իր էջում գրել է Նիկոլայ Ազարովը:

«Ելույթի դրական պահը միայն մեկն էր` «ապակե տարայում սարդերի» սուր պայքարի վառ ապացույցը», — նշել է Նիկոլայ Ազարովը` նկատի ունենալով Միխայիլ Սաակաշվիլու եւ Ուկրաինայի ներկայիս վարչապետ Արսենի Յացենյուկի միջեւ հակամարտությունը, նշում է ՌԻԱ Նովոստին: