ԱՄՆ-ի համար լավագույն դեպքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր պաշտոնը կլքի   2017-ի մարտին, ամերիկյան նոր նախագահի պաշտոնավարության սկզբից երկու ամիս անց: Այդ մասին ասվում է փաստաթղթում, որը Սպիտակ տունը նախապատրաստել է ներքին օգտագործման համար եւ որին AP-ին հաջողվել է ծանոթանալ:  

Ամերիկյան պաշտոնյաների համար կազմված գրաֆիկում նշված է  2017-ի մարտի անորոշ ամսաթիվ, երբ Ասադը «կլքի» իր պաշտոնը, իսկ նրա «ներքին շրջապատը» ստիպված կլինի հեռանալ երկրից:

Գրաֆիկը հիմնված է ՄԱԿ-ի հավանությանն արժանացած պլանի վրա, որն ի սկզբանե ներկայացվել էր 2015-ի նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցած միջազգային համաժողովին, գրում է АP-ը: Այդ նախագծի համաձայն, սիրիական նոր նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները նախատեսված են  2017-ի օգոստոսին, իսկ մինչ այդ երկիրը կկառավարվի անցումնային կառավարության կողմից:  

Փաստաթղթի համաձայն, Սիրիայում քաղաքական նոր գործընթացը պիտի սկսվի  2016-ի փետրվարին: Հունվարի 25-ին բանակցություններ են նախատեսված սիրիական իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: Դրանք պիտի տեղի ունենան Ժնեւում: Ապրիլին, ամերիկյան պլանի համաձայն, Սիրիայում պիտի ստեղծվի անվտանգության ապահովման կոմիտե եւ մասնակի համաներում իրականացվի սիրիական կառավարության եւ բանակի որոշ ներկայացուցիչների, ինչպես նաեւ չափավոր ընդդիմության առաջնորդների եւ գրոհայինների համար: Այդ ժամանակ կստեղծվի նաեւ անցումնային կառավարություն: 

Մայիսին, ասվում է փաստաթղթում, պիտի լուծարվի սիրիական խորհրդարանը, իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ն կճանաչի անցումնային կառավարությունը: 

Մինչեւ 2016-ի վերջը վեց ամսվա ընթացքում պիտի գրվի Սիրիայի նոր սահմանադրությունը, որի տեքստը հանրաքվեի կդրվի  2017-ի հունվարին: Ամերիկյան պլանում ասված է, թե Ասադը ինչ եղանակով է հեռացվելու իշխանությունից եւ հետագայում ինչպիսին է լինելու նրա ճակատագիրը, նշում է   AP-ը, տեղեկացնում է РБК-ն: