Պետությունը պիտի ֆերմերային կոոպերատիվներին աջակցության միասնական եւ խելամիտ քաղաքականություն իրականացնի: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով   2015-ի դեկտեմբերին ընդունված «Ֆերմերական կոոպերատիվների մասին» օրենքը:

Օրենքն ընդունվել է ավելի պահպանողական խմբագրմամբ, որտեղ կոոպերատիվը ոչ այնքան սոցտնտեսություն է հիշեցնում, որքան  իրավաբանական անձ  (ֆերմերները հավաքվում են միասին աճեցնելու, վաճառելու կամ տեխնիկա օգտագործելու համար): Հայ Հեղափոխական Դաշնակցության կարծիքով դա քիչ է:  Կոոպերատիվը կարող է եւ պարտավոր է օգնել ֆերմերներին, որոնք ի վիճակի չեն մարել իրենց վարկերը: Կոոպերատիվի համար ավելի հեշտ է անել դա, որովհետեւ մեծ, միավորված հողատարածքները հնարավոր է մշակել ավելի փոքր ծախսերով:   

Միաժամանակ ֆերմերը մնում է իր հողի սեփականատերը, ընդգծել է Մինասյանը:  Կոոպերատիվը մինչեւ վարկի մարումը հողօգտագործման իրավունք է ստանում, ոչ ավելին:   «Վճարվող աշխատանքում ներգրավվում է նաեւ հողատարածքի սեփականատերը, իսկ եթե հողը եկամուտ է տալիս, նա նաեւ շահատոկոսներ է ստանում: Այդպիսին է մեր առաջարկած մոդելը», - պարզաբանել է պատգամավորը:  

Նրա խոսքով կոոպերատիվը հարկային արտոնությունների կարիք ունի այդ եւ այլ խնդիրներ լուծելու համար, այդ թվում նաեւ` գյուղատնտեսական ապահովագրության: Բայց կառավարությունը չի համաձայնել ԱԱՀ-ի արտոնություններին, եւ կոոպերատիվները, որոնց շրջանառությունը գերազանցում է  տարեկան 114 մլն դրամը (մոտ 235 հազար դոլար), պարտավոր են վճարել դա:   «Իհարկե մեզ մոտ ֆերմերային տնտեսությունները հիմնականում փոքր են, բայց եթե բազմամարդ կոոպերատիվ հավաքվի, լիովին հնարավոր է, որ ստիպված լինի ԱԱՀ վճարել», - նշել է դաշնակցական պատգամավորը:  

Նշենք, որ օրենքի համաձայն, այդ թվում նաեւ` ՀՅԴ առաջարկով, կոոպերատիվները պիտի ռազմավարական նպատակների համար անձեռնմխելի ֆոնդ ունենան  հողի կամ անասունների ապահովագրման համար:  «Բայց պետք է հասկանալ. եթե ֆերմերներն ուղղակի ապահովագրողներին փող բերեն եւ պոլիս խնդրեն, ոչ մեկը դա չի տա:  Ռիսկերից պաշտպանության ամբողջական ենթակառուցվածք է անհրաժեշտ, այդ թվում նաեւ` հակակարկտային կայաններ եւ շատ այլ բաներ: Այստեղ հասնում ենք պետության դերին», - ընդգծել է խորհրդարանականը: Արծվիկ Մինասյանի կարծիքով, պետությունը պիտի որոշի, թե այդ պահին գյուղատնտեսական ինչ մշակություններ են ավելի կարեւոր, որպեսզի գյուղատնտեսության սուբսիդավորումը եւ ապահովագրումը  ոչ թե պատահական լինեն, այլ նպատակային: Դրա համար «Գյուղատնտեսության աջակցության մասին» հիմնարար օրենք է անհրաժեշտ: