Ռուսաստանցի սցենարիստ Միխայիլ Ռասխոդնիկովը բողոքարկել է Ռիդլի Սքոթի «Մարսեցին» ֆիլմը գրագողություն ճանաչելու՝ դատարանի մերժումը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով մոսկովյան դատարանի ներկայացուցչին:
«Ռասխոդնիկովը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որում սցենարիստը խնդրում է չեղարկել իր հայցը մերժած դատարանի որոշումը, եւ նոր որոշում կայացնել՝ «Մարսեցին» ֆիլմը գրագողություն ճանաչելու եւ 50 մլն ռուբլու չափով փոխհատուցում գանձելու մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Գործով պատասխանող որպես կողմ հանդես է գալիս «20-րդ Դար Ֆոքս ԱՊՀ» կինոընկերությունը: Հայցվորը ենթադրում է, որ ֆիլմը խախտում է իր հեղինակային իրավունքները: Ռասխոդնիկովը հավաստում է, որ իր սցենարում եւ ֆիլմում սյուժեի եւ կերպարների մի շարք համընկնումներ կան, սակայն իր սցենարն ավելի վաղ է գրվել:




























