ԱՄՆ-ի առջեւ ստանձնած քաղաքական կամ դաշնակցային պարտավորությունները Սաուդյան Արաբիային կանգնեցրել են նավթի գների իջեցման փաստի առջեւ՝ վտանգի ենթարկելով այդ պետությունը։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով՝ նավթի գների անկումը փակուղու առաջ է կանգնեցրել այն երկրներին, որոնց ֆինանսական ռեսուրսները ձեւավորվում էին նավթի իրացումից։ «Դա մասնավորապես վերաբերում է Ռուսաստանին, Սաուդյան Արաբիային եւ մյուս նավթարդյունաբերող երկրներին։ Այդ «կրակը» փաստացիորեն տարածվել է ողջ տարածաշրջանով։ Սաուդյան Արաբիան եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը ջանում էին հեռու մնալ նման անբարենպաստ իրադարձություններից, սակայն նրանց հարաբերությունները նույնպես սրվեցին սուննի-շիա տարաձայնությունների ֆոնին»,- նշել է Բոստանջյանը։

Հարցին, թե ինչու է Սաուդյան Արաբիան դիմում նավթի գների իջեցման քայլին՝ հաշվի առնելով, որ երկրի տնտեսությունը նույնպես տուժում է, Վարդան Բոստանջյանն ընդգծեց. «Իմ կարծիքով այնպես է ստացվել, որ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության կրողն ու պաշտպանն է։ Հետեւաբար այնպես է ստացվում, որ քաղաքական կամ դաշնակցային պարտավորությունները Սաուդյան Արաբիային կարող են կանգնեցնել նավթի գների իջեցման փաստի առջեւ՝ վտանգի ենթարկելով պետությունը։ Կարծում եմ, որ այդ բախումները քաղաքական բնույթ են կրում։ Իհարկե դեռեւս անհնար է հստակ ասել, թե ինչ է ուզում եւ ում է հակված պաշտպանել ԱՄՆ-ն, բայց պարզ է մի բան. տարածաշրջանում քաղաքական ձգտումներն ու ցանկությունները հանգեցնում են տնտեսական պատերազմի»։