Ռումինիայում կկազմակերպվի «Արարատից Կարպատներ. Հազարամյա պատմություն» ցուցահանդեսը: Հունվարի 13-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանին ընդունեց երկրի վարչապետ Դաչիան Չոլոշը:

Զրույցի ընթացքում ռումին վարչապետին փոխանցելով Հայաստանի վարչապետի ողջույնները, դեսպան Գասպարյանը հայ-ռումինական օրակարգի հարցերի շարքում ներկայացրեց «Արարատից Կարպատներ. Հազարամյա պատմություն» ցուցահանդեսի հետ կապված հարցերը: Ցուցահանդեսի անցկացումը նախատեսված է ընթացիկ տարում եւ այն պատմելու է ռումինահայ մշակութային հարուստ ժառանգության մասին:

Վարչապետը, բարձր գնահատելով միջնադարից մինչեւ այսօր ռումինահայ համայնքի դերը ռումինական կյանքի բոլոր ոլորտներում, կարեւորեց նման մշակութային միջոցառումների անցկացումը հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի դաստիարակության գործում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքը ցուցահանդեսի պատշաճ անցկացման ուղղությամբ:

Վարչապետ Դաչիան Չոլոշը Ռումինիայի լիակատար աջակցությունը հայտնեց Հայաստանին նորացված Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ այլ ծրագրերում: