2015-ին Հայաստանում մշակութային ոլորտին առնչվող բուռն քննարկվող թեմաներից մեկն էլ Հայաստանի եւ Մադագասկարի հանրապետության միջեւ մշակութային համագործակցության համաձայնագիրն էր։ Տարբեր հրապարակումներով ծաղրի ենթարկվեց երկու երկրների մշակութային կյանքում այս «առաջխաղացումը»։ NEWS.am-ի հարցին, թե սա համարո՞ւմ է անցած տարվա ձեռքբերումներից մեկը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իրավիճակի լրջությունը պատկերացնելու համար նախ առաջարկեց մտովի տեղափոխվել Մադագասկար։

«Հիմա եկեք տեղափոխվենք Մադագասկար, դառնանք Մադագասկարի ժողովուրդ, պատկերացրու՝ ես ու դու Մադագասկարի բնակիչներ ենք, ու այդ պայմանագիրը ստորագրվում է, ու Մադագասկարի բնակիչը ասում է, թե էս ովքեր են է՜, էս հայերը․․․ էդ պայմանագիրը նրա համար է ստորագրվում, որպեսզի ժողովուրդները իրար ավելի լավ ճանաչեն»։

Հասմիկ Պողոսյանը տարակուսում է այն հարցադրումներից, թե ինչ ունի Հայաստանը Մադագասկարի մշակույթից սովորելու, վերցնելու։ «Ցանկացած բան կարելի է վերցնել, ցանկացած ժողովուրդ եւ իր մշակույթը հարգանքի արժանի է։ Եւ շատ վտանգավոր ճանապարհ է, որ մենք փորձում ենք հեգնել այլ ժողովրդին ու մշակույթը, ես դա մերժում եմ ու իմ կոշտ դիրքորոշումը ունեմ։ Ինչքան Հայաստանը շատ շփվի աշխարհի տարբեր երկրների հետ եւ մշակույթի ու այդ փոխազդեցությունները ակտիվ լինեն, էնքան մեր ժողովուրդը ամուր կլինի։ Խնդիրը նրանում է, որ մենք անընդհատ մեզ փորձում ենք մեկուսացնել եւ ավելի այլ դիրքերից նայել մյուս ժողովուրդներին»,-նեղսրտեց Հասմիկ Պողոսյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ գրավիչ է Մադագասկարի ազգագրությունը, որի շրջանակում էլ Հայաստանը կարող է համագործակցել։

«Չի կարելի այսպես անել, գերակա մշակույթ ու ժողովուրդ չկա, բոլոր մշակույթները արժանի են ուշադրության։ Կարծում եմ՝ Մադագասկարի պարագայում ազգագրության հատվածը շատ հետաքրիր է, եւ կարող ենք իրենց հետ հմագործակցել։ Պայմանագրի կետերում հստակ գրված են ոլորտները, որտեղ կարող են լինել համագործակցություն»։

Հասմիկ Պողոսյանը համագործակցությունը ծաղրողներին հատուկ հիշեցրեց, որ այլ երկրների հետ համագործակցության աշխարհագրությունը բավականին լայն է, Մադագասկարը մի քանի տասնյակ երկրներից մեկն է։