Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում առաջիկայում քննարկվող հակահայկական զեկույցները «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար,  Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը վերագրում է Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններին։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում։ Ըստ նրա՝ Արեւմուտքում Հայաստանը համարվում է Ռուսաստանի ածանցյալը  եւ այդ զեկույցները դրա հետեւանքն են։

Նշենք, որ երկու շաբաթից ԵԽԽՎ-ում  քվեարկության կդրվեն «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ հակահայկական զեկույցները։  Դեռեւս անցած տարեվերջին  Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները արտգործնախարարի, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ  ակտիվորեն քննարկում էին այս զեկույցների օգտին քվեարկությունը տապալելու քայլերը։ Այդ նպատակով նախատեսվում էր, որ պատվիրակության անդամներն ու առանձին պատգամավորներ կգործուղվեն տարբեր երկրների՝ դիվանագիտական կապերն օգտագործելով հանուն այդ նպատակի։

«Մենք ունենք արտաքին քաղաքական կողմնորոշման վատ կողմ, չպետք է մոռանանք, որ ամբողջ աշխարհի կողմից Ռուսաստանը ընկալվում է այնպես, ինչպես մեզ համար Թուրքիան, եւ դա շատ խորն է նստած։ Ռուսաստանի հետ ի վնաս մեզ հարաբերությունները չափից ավելի խորացված են։ Արեւմուտքում մեզ վերաբերում են որպես Ռուսաստանի ածանցյալ, այդ պատճառով վերաբերմունքն է փոխվում եւ զեկույցներն էլ մեջտեղ են գալիս։ ԵԽԽՎ-ում այդ պատգամավորները, որ տեսնում են՝ մենք չարիքի կայսրության կողմն ենք բռնել, ուրեմն մեր դեմ պիտի քվեարկեն, սա ՝ հարցը»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հակաղարաբաղյան լոբբինգին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին կաշառելուն, ասաց․ «Ինչի՞ տասը տարի առաջ Ադրբեջանը խավիար չուներ։ Ինչու տասը տարի առաջ չէր գործում խավիարի մեթոդը, հենց հիմա սկսեց գործել։ Ադրբեջանն էլ, մերոնք էլ իրենց մանր-մունր բաներով կաշառել են։ Իրենք չեն կարող հասկանալ, որ եվրոպացին կարող է վերցնել քո խավիարն էլ, կոնյակն էլ ու գործեն այնպես, ինչպես իրենց ձեռնտու է։  Աշխարհաքաղաքական կողմնորոշման սխալ է սա»։ Ըստ Արա Պապյանի՝ եթե Հայաստանի պատվիրակության կազմն էլ  փոխվի, ոչինչ չի փոխվի, քանի որ իշխանությունն ընտրել է չարիքի իշխանությունը, իսկ պատվիրակությունն ընդամենը կատարող է։