Պրահայից ոչ հեռու 700 միջնադարյան մետաղադրամ են գտել: Այս մասին հաղորդել է Պարդուբիցե քաղաքի Արեւելաչեխական թանգարանի մամուլի ծառայությունը:
Թանգարանի գիտաշխատող Պյոտր Վորելը կարծում է, որ գտածոն կարելի է «դարի գանձ» կոչել, քանի որ Կենտրոնական Եվրոպայում «այդ քանակությամբ լավ պահպանված մետաղադրամներ գոյություն չունեն»:
«Դրանք արծաթե չեխական դինարներ են, որոնք շրջանառության մեջ են եղել ամբողջ Եվրոպայի տարածքում: Յուրաքանչյուր մետաղադրամի քաշը միջինը շուրջ 0.5 գրամ է: Դրանք լայնորեն շրջանառվել են, մասնավորապես, Նովգորոդյան եւ Կիեւյան Ռուսիայում, որոնց հետ միջնադարում չեխական պետությունն առեւտրային կապեր է ունեցել»,- գտածոյի մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է թանգարանի տնօրեն Թոմաշ Լիբանեկը:
Գանձը հայտնաբերվել է 2015 թվականի նոյեմբերին, սակայն թանգարանն այդ մասին հայտարարել է միայն այս տարվա հունվարին: Գանձը գտած անձին 2 մլն կրոնի չափով պարգեւ են խոստացել:



























