Թուրքիայի նախագահին ուղղված խաղաղության կոչ անող 1128 թուրք եւ օտարերկրացի գիտնականներին միացել են 500 թուրք լրագրողներ։
Թուրքական Bianet կայքի փոխանցմամբ՝ թեեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է հետաքննություն սկսել խաղաղության կոչ արած գիտնականների ու մտավորականների դեմ, 500 թուրք լրագրողներ հաշվի չեն առել իրենց դեմ հնարավոր հետաքննություններն ու ձերբակալությունները, եւ հայտարարություն են տարածել, որ միանում են գիտնականների կոչին։
«Չենք ցանկանում հանցակից լինել տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք ուզում ենք խաղաղության մեջ լրագրողական գործուներություն ծավալենք, ոչ թե պատերազմի»,-նշվել է լրագրողների հայտարարության մեջ։
Նշենք, որ Թուրքիայից ու արտասահմանից հայտնի 1128 գիտնական ու մտավորական ստորագրել են մի տեքստի տակ, որով կոչ են անում քրդերի հետ խաղաղություն հաստատել, դադարեցնել արեւելքում քրդերի կոտորածն ու թույլ տալ հանձնաժողովներ մտնեն բախումների գոտիներ։ Էրդողանը այդ գիտնականներին դավաճան էր անվանել ու հրահանգել հետաքննություն սկսել նրանց դեմ։ Արդեն ձերբակալվել է 12 գիտնական Քոջաելիի համալսարանից։



























