ԱՄՆ-ում նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եղել է ժամանակ, որ իր անձնական կյանքը հասարակության սեփականությունն է դարձել: Այս մասին նա նշել է CNN-ի եթերում՝ պատասխանելով իր սկանդալային անցյալի մասին հարցին: Նրա խոսքով, հիմա ինքն առաքինի կյանք է վարում:

«Ես բոլորովին այլ կյանքով եմ ապրում, ոչ այնպիսին, ինչպիսին երեւի շատերը պատկերացնում են: Ես խոսում եմ վերջին տարիների մասին: Ես փորձում եմ ճիշտ ապրել, եւ դա ինձ մոտ ստացվում է: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Աստծո հետ»,-ասել է Թրամփը:

69-ամյա գործարարի խոսքով, ինքը հեղինակություն է վայելում նաեւ ավետարանական քրիստոնյաների շրջանում, հաղորդում է Lenta-ն:

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ում խոշորագույն շինարարական ընկերության եւ հյուրանոցների ու խաղատների համաշխարհային ցանցի ղեկավարն է: Նա ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածուների շարքում առաջատարն է: Դեմոկրատ թեկնածուներից առաջատարը Հիլարի Քլինթոնն է:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերի 8-ին: