ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության անունից առաջադրված թեկնածու եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախընտրական բանավեճերի ժամանակ նշել է, որ չի բացառում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագործարկումը՝ կախված այն բանից, թե ինչ կստանա դրա դիմաց ԱՄՆ-ը, փոխանցում է Gazeta –ն՝ վկայակոչելով NBC News-ը։
Նրան հարցրել են, թե պատրաստ է արդյոք նա սեղմել Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների «վերագործարկման կոճակը», ինչպես դա եղավ 2009թ.։ «Դա կախված է նրանից, թե ինչ ես կստանամ դրա դիմաց»,- ասել է Քլինթոնը։
Նախկին պետքարտուղարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն այն ժամանակ ՌԴ տարածքով Աֆղանստան ռազմական բեռներ տեղափոխելու հնարավորություն, միջուկային զենքի սահմանափակման մասին համաձայնագիր եւ Իրանի դեմ պատժամիջոցների համաձայնություն ստացավ։
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները նա «հետաքրքիր» է որակել։ «Դրանք բարդ գործնական հարաբերություններ էին, որտեղ պետք էր պաշտպանել սեփական դիրքորոշումը եւ շահերը»,- ասել է նա։




























