Ֆրանսիական տնտեսությունն ու սոցիալական ոլորտը գտնվում են արտակարգ իրավիճակում՝ բարձր գործազրկության ֆոնին: Նման գնահատական է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նրա խոսքով, իրավիճակի կարգավորման համար հանրապետության կառավարությունը մոտ ժամանակներս 2 մլրդ եվրո կհատկացնի քաղաքացիներին աշխատատեղերով ապահովելու նպատակով: «Ահաբեկչական սպառնալիքի պատճառով մենք անցած տարի ստիպված էինք երկրում արտակարգ դրություն մտցնել, սակայն համաշխարհային անկարգությունների ու տնտեսական անորոշ կոնյուկտուրայի պայմաններում տեղին է խոսել տնտեսական ու սոցիալական ոլորտներում ստեղծված արտակարգ դրության մասին: Աշխատանքով ապահովվածությունն ամենակարեւոր խնդիրն է Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգությունից հետո»,- նշել է նա՝ ելույթ ունենալով ձեռնարկությունների ղեկավարների հետ Փաիզում կայացած հանդիպման ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Օլանդի խոսքով, այս պահին ամբողջ աշխարհում «հսկայական փոփոխություններ են, որոնց ծավալները պետք է գիտակցեն բոլորը »:«Ստեղծվում են տնտեսական նոր տերություններ, սրընթաց զարգանում է թվային տնտեսությունը, մենք ստիպված ենք լինելու վերաիմաստավորել մեր տնտեսական ու սոցիալական մոդելը»-նկատել է նախագահը:
Գործազրկության դեմ պարքարի համար, շարունակել է նախագահը, կառավարությունը մտադիր է շտապ կարգով զգալի դրամական միջոցներ հատկացնել: «Պետությունը 1 մլրդ եվրո կհատկացնի, որպեսզի միավորի գործընթացի բոլոր մասնակիցներին»,- հայտնել է նա՝ նշելով, որ այդ գումարը ուղղված է լինելու 500 հազար գործազուրկների մասնագիտական վերապատրաստմանը:
Բացի դրանից, Օլլանդը խոստացել է նվազեցնել գործատուների պարտադիր սոցիալական փոխանցումների մակարդակը ու փոքր ձեռնարկություններին սուբվենցիաներ հատկացնել՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Ընդհանուր առմամբ, նկատել է նա, պետությունը մտադիր է 2 մլրդ եվրո հատկացնել գործազրկության դեմ պայքարի նպատակով:
«Այդ միջոցները կծախսվեն միաժամանակ կադրերի նախապատրաստման ու դոտացիաներին վերաբերող խնդիրների համար: Այդ 2 մլրդ-ը կֆինանսավորվի առանց որեւէ լրացուցիչ դրամահավաք կազմակերպելու, այլ կերպ ասած այդ փողերը տրամադրվելու են տնտեսած գումարներից»,- ճշգրտել է նա: Գալիք 2016 թ. նախագահական հնգամյա ժամկետի վերջին լիարժեք տարին է Ֆրանսուա Օլանդի համար, որը դեռ 2012 թ. իր նախընտրական քարոզչության ընթացքում իր առաջնահերթ խնդիրն էր հռչակել երկրում գործազրկության աճի դադարեցումը: Առայսօր այդ նպատակն իրականացված չէ: Նախագահական հաջորդ ընտրությունները Ֆրանսիայում կանցկացվեն 2017 թ. ապրիլ- մայիս ամիսներին:



























