Մերկելն արդեն 10 տարի է՝ զբաղեցնում է կանցլերի պաշտոնը, եւ այն, թե որքան ժամանակ նա դեռ կմնա այդ պաշտոնում, կորոշվի առաջիկա 10 շաբաթների ընթացքում։ Քյոլնի դեպքերից հետո նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզվեց, որ փախստականների թիվը երկրում պետք է պակասի։ Սակայն ԵՄ մակարդակով լուծում գտնելու համար գրեթե ժամանակ չի մնում։ Այդ պատճառով Գերմանիան ոչ պաշտոնապես խստացնում է իր դիրքորոշումը փախստականների նկատմամաբ։ Այս մասին գրում է Die Welt գերմանական պարբերականը։ 

«Կկարողանա՞ արդյոք Մերկելը հաղթահարել միգրացիոն ճգնաժամը եւ մնալ կանցլերի պաշտոնում, կորոշվի առաջիկա 10 շաբաթների ընթացքում։  Մարտին, երբ Էգեյան ծովում հանդարտվեն փոթորիկները, փախստականների թիվը նորից կաճի։ Այսպես են կանխատեսում բոլոր փորձագետներն ու իրավապահ մարմինները»,- ասված է թերթում լույս տեսած հոդվածում։

Ըստ հեղինակի՝ տարեսկզբից Գերմանիայում գրանցվել է ավելի քան 51 հազար փախստական։ Միաժամանակ ամեն օր Թուրքիայից հունական կղզիներ է ափ իջնում 2000-3000 փախստական։ «Մերկելի վրա ճնշումն աճում է. ամեն օր այն ավելի ու ավելի է մոտենում կանցլերին։ Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հետ կոալիցիա կազմած Քրիստոնեա-սոցիալիստական կուսակցությունից ամեն օր քննադատություններ են հնչում, եւ Կառավարությունը ստիպված է հրատապ լուծումներ փնտրել»,- գրում է հեղինակը։

Ձեռնարկվող միջոցները նախատեսում են, որ Մերձավոր Արեւելքի ճամբարներում սնունդը պետք է բարելավվի։ Թուրքիայում սիրիացի փախստականներն աշխատելու իրավունք պետք է ունենան, նրանց երեխաները՝ դպրոց գնան։ Նրանք, ովքեր արդեն Եվրոպայում են, պետք է տեղաբաշխվեն աշխարհամասով մեկ։

«Գերմանիան ստիպված է ոչ պաշտոնապես խստացնել իր դիրքորոշումը։ Այսպես՝ ընդլայնվում է անվտանգ ծագումով երկրների ցուցակը. Այնտեղ հայտնվել են հյուսիսաֆրիկյան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ալժիրն ու Մարոկկոն։

Բացի այդ, վտարման ենթակա փախստականներն այսուհետ պետք է իրենց հեռանալուն սպասեն ոչ թե Գերմանիայի տարածքում, այլ հատուկ հաստատություններում։ Այդ համակարգն արդեն էապես կրճատել է Բալկանյան երկրներից ժամանող փախստականների թիվը»,- ասված է հոդվածում։

Հեղինակը նշում է, որ ձեռնարկվող միջոցները մի քանի ամսից պետք է իրենց արդյունքը տան։

«Այս միջոցներն արդեն ամռան սկզբին պետք է գործեն։ Սակայն Մերկելը չունի այդ մի քանի ամիսը։ Ոչ Քյոլնից հետո։ Զանգվածային սեռական ոտնձգությունները միայն Քյոլնով չսահմանափակվեցին։ Նմանատիպ դեպքեր եղան Համբուրգում, Բիլֆելդում, Դորտմունդում, Նյուրնբերգում։ Հարցումների համաձայն՝ գերմանացիների 51 տոկոսը կասկածում է, որ Մերկելի կառավարությունը կհաղթահարի փախստականների ճգնաժամը։ Գարնանը փախստականների թվի աճը վերջնականապես հարված կհասցնի Մերկելի դիքերին»,- նշում է հեղինակը։