Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերություններն ու, մասնավորապես, տնտեսական կապերը զարգացման մեծ ներուժ ունեն: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այսօր` սեպտեմբերի 13-ին ընդունել է Լիբանանի պետական նախարար Ադնան Կասսարի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են ներդրումների խրախուսման հարցերին՝ մասնավորապես հանքահումքային, բանկային, բարձր տեխնոլոգիաների եւ տուրիզմի ոլորտներում: Այդ համատեքստում կարեւորվել է նոյեմբերին Երեւանում նախատեսված հայ-լիբանանյան գործարար համաժողովի անցկացումը: