Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը խորհրդատվություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների նախաձեռնությունը։ Այս մասին հայտնել են Ղազախստանի նախագահի աշխատակազմից։

Ավելի վաղ պատգամավորները դիմել էին նախագահին երկրում վատացող տնտեսական իրավիճակի կապակցությամբ 5-րդ գումարման խորհրդարանի ստորին պալատը ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու խնդրանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մամուլի ծառայության տեղեկություններով՝ Նազարբաեւը խորհրդատվություն է ունեցել մաժլիսի (ստորին պալատ) նախագահի, երկրի վարչապետի եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ։

Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ ստորին պալատի պատգամավորների լիազորությունների վաղաժամ դադարեցումը արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմք է։ Այդ դեպքում ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից պատգամավորների եւ վարչապետի հետ խորհրդատվությունից հետո։ Ընտրությունները պետք է տեղի ունենան մաժլիսի լիազորությունների դադարեցումից հետո 2 ամսվա ընթացքում։