Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն վարչապետ Դեւիդ Քեմերոնին կոչ է արել Ռուսաստանի դեմ  նոր տնտեսական պատժամիջոցներ չկիրառել անգամ եթե «Լիտվինենկոյի գործով» դատական քննությունը գա այն եզրակացության, որ նրա մահվան մեջ առկա է Ռուսաստանի մեղավորությունը, գրում է The Guardian-ը։

Լրացուցիչ պատժամիջոցներ ընդունելուն կողմ են մասնավորապես Լիբերալ-դեմոկրատները, եւ վարչապետ Դեւիդ Քեմերոնի վրա ուժեղ քաղաքական ճնշում է գործադրվելու նոր միջոցներ ընդունելու հարցում։ Նման իրավիճակում ԱԳՆ-ն ձգտում է խուսափել մեծամասշտաբ պատժամիջոցներից, մասնավորապես քանի որ Ռուսաստանի ղեկավարության հետ համագործակցությունը կենսականորեն անհրաժեշտ է Սիրիայում ԻՊ-ի դեմ միասնական ճակատ ստեղծելու համար, ընդգծում է The Guardian-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ «Լիտվինենկոյի գործով» զեկույցը Քեմերոնին կներկայացվի հունվարի 19-ին՝ խորհրդարանում հրապարակելուց 2 օր առաջ։ Դրանից հետո քննիչ Ռոբերտ Օուենը հանդես կգա հայտարարությամբ։

«Լիտվինենկոյի գործի» հրապարակային քննությունն սկսվել էր անցյալ տարվա հունվարին Լոնդոնի դատարանում։ Ի սկզբանե այն պետք է ավարտվեր 2015թ. մարտին, սակայն հետաձգվել էր ռուս գործարար Դմիտրի Կովտունի՝ ցուցմունք տալու ցանկության պատճառով։ Արդյունքում Կովտունը, որին Մեծ Բրիտանիան կասկածում է 2006թ. Լոնդոնում ԱԴԾ նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվիենկոյի սպանությանը մասնակցություն ունենալու  մեջ, հրաժարվել էր հանդես գալ որպես վկա։