Եվրամիությունը եւ Հայաստանը վերահաստատել են իրենց համատեղ պարտավորությունները՝ խորացնելու եւ ընդլայնելու համագործակցությունը բոլոր այն բնագավառներում, որոնք հնարավոր են եւ համատեղելի են Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումից բխող` Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների հետ: Այս մասին ասվում է հունվարի 18-ին Բրյուսելում կայացած Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորհրդի 16-րդ նիստի արդյունքում տարածված մամուլի հաղորդագրության մեջ:
«Կողմերը ողջունել են բանակցությունների մեկնարկը եւ նոր ազդակ հաղորդել ԵՄ-Հայաստան ապագա համաձայնագրին, որը պետք է փոխարինի ներկայիս` արդիականությունը կորցրած Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին, եւ վերագործարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունները Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ արեւելյան գործընկերության վերանայված՝ առավել լայն շրջանակում»,-ասվում է մամուլի հաղորդագրությունում:
Նիստի ընթացքում ԵՄ-ն եւ Հայաստանը ամփոփել են նախորդ տարվա ընթացքում ունեցած հանդիպումները եւ կատարված քայլերը Արեւելյան գործընկերության համատեքստում, նաեւ ընդգծել են կարեւորությունը այն արդյունավետ համատեղ գործողությունների, որոնք հիմք են դարձել 2015թ. Ռիգայում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հաջողության համար: Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Եվրոպական հարեւանության վերանայված քաղաքականության իրականացման քայլերի առնչությամբ եւ համաձայնել են, որ գործընկերության նոր առաջնահերթությունները պետք է սահմանվեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի կնքումից հետո:
ԵՄ-Հայաստան նոր համագործակցության խորհուրդը ամփոփել է նաեւ վերջին քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումները Հայաստանում: ԵՄ-ն ընդգծել է այս բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի առաջընթացը նաեւ այս դրական միտումը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը՝ միեւնույն ժամանակ հորդորելով Հայաստանին արագացնել բարեփոխումները առանձին բնագավառներում՝ մասնավորապես ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, սահմանադրական եւ դատական համակարգի բարեփոխումները: Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել ընտրական համակարգի բարեփոխման, նոր սահմանադրությունը պատշաճ կերպով իրականացնելու, նաեւ մամուլի ազատությունը ապահովելու եւ քաղաքացիական հասարակության դերը ամրապնդելու անհրաժեշտությանը»,-ասվում է հաղորդագրությունում:
Եվրամիությունը վերահաստատել է իր աջակցությունը բարեփոխումներին ուղղված Հայաստանի ջանքերին, ներառյալ վիզային ռեժիմի եւ ռեադմիսիայի համաձայնագրերը, նաեւ հորդորել է Հայաստանին առավելագույնս արդյունավետ օգտագործել այս նպատակով ԵՄ-ից ստացվող օժանդակությունը: 2014-2017թթ. նախատեսված է 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն՝ ուղղված մասնավոր հատվածի զարգացմանը, հանրային կառավարման եւ արդարադատության ոլորտների բարեփոխմանը:
ԵՄ-ն վերահաստատել է իր պարտավորությունը` մեծացնելու քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը ապահով եւ կանոնակարգված միջավայրում, որը Արեւելյան գործընկերության հիմնական նպատակն է, նաեւ ընդունել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս իր քաղաքացիների տեղաշարժի հնարավորություններին:




























