Հրեաների եվրոպական կոնգրեսի ղեկավար Վյաչեսլավ Կանտորը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դժգոհել է «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր» Եվրոպայում հրեաների համար ստեղծած վատագույն իրավիճակի առիթով: Նրա խոսքով, «հրեաները փախչում են» աճող հակասեմականության եւ մահմեդական միգրանտների պատճառով: «Թող մեզ մոտ գան»,- ասել է Պուտինը:
Հունվարի 19-ին Հրեական եվրոպական կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինը հիշեցրել է, թե ինչպես են այդ ժողովրդի ներկայացուցիչները հեռացել Խորհրդային Միությունից: «Թող վերադառնան»,- ժպիտով հավելել է Ռուսաստանի ղեկավարը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, վերջին շրջանում հրեաների դեմ հարձակումները Եվրոպայում ավելացել են: Լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ առիթով ռաբբիները սկսել են ինքնապաշտպանություն եւ տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու ունակություններ ձեռք բերել:
2015 թվականի հունվարի 16-ին ԵՄ-ի խոշորագույն հրեական ֆեդերացիան եվրոպացի օրենսդիրներին կոչ էր արել հրեաներին թույլատրել զենք կրել՝ ինքնապաշտպանության նպատակով:



























