Էստոնիայի ոստիկանության եւ սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար Էլմար Վախերը, որին մեղադրում էին պետական միջոցների հաշվին ականջակալ եւ ճտքակոշիկ գնելու համար, ներողություն է խնդրել եւ գնումները բացատրել ծառայողական անհրաժեշտությամբ:
Էստոնական հեռուստատեսության հաղորդմամբ, նա տեղեկացրել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին գերատեսչության բանկային քարտով գնել է այնպիսի ճտքակոշիկ, որը հագնում են ոստիկանության աշխատակիցները, որպեսզի վաղ առավոտյան դաշտային համազգեստով սահման մեկնի, քանի որ պահեստում իր ոտքի չափսով կոշիկ չի եղել:
«Քանի որ հասկանում էի, որ չեմ կարող պետական փողերով այդպիսի գնում կատարել, խնդրեցի, որպեսզի գումարը դուրս բերեն իմ աշխատավարձից: Դեկտեմբերի աշխատավարձից այն հանել են»,- պարզաբանել է Վախերը:
Ավելի վաղ Էլմար Վախերին խորհրդարանում մեղադրել էին պետական միջոցներին շուրջ 400 եվրոյի չափով գումար վատնելու մեջ. հակակոռուպցիոն հանձնաժողովն անհապաղ պարզաբանում էր պահանջել:


























