Պակիստանի Չարսադդա քաղաքում համալսարանի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 25-ի։ Այս մասին հայտնում է Dayli Pakistan-ը՝ վկայակոչելով Պակիստանի տեղեկատվության նախարար Շաուքաթ Յուսուֆզային։
Ավելի վաղ տեղի ոստիկանությունը հաստատել էր 21 մարդկանց մահվան փաստը։ Հաղորդվում էր, որ կա 50 տուժած։ «Թալիբան» խմբավորման «Թեհրիքի Թալիբան Պակիստան» թեւը իր վրա է վերցրել հարձակման պատասխանատվությունը։ Զինյալներից 4-ը սպանվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մի խումբ գրոհայիններ չորեքշաբթի առավոտյան ներխուժել էին Չարսադդա քաղաքի համալսարանի տարածք։ Ոստիկանները նախապես հայտնել էին, որ զինված անձինք 4-ն են, սակայն հետո տեղեկություններ հայտնվեցին, որ նրանց թիվը կարող է 6-8 լինել։ Համալսարանական հանրակացարանից տարհանել են մարդկանց։ Դեպքի վայր են ժամանել ԶՈւ ջոկատները։ Ականատեսները հայտնում են, որ 2 պայթյուն է հնչել։
Գրոհի պահին համալսարանում մոտ 3 հազար ուսանող է եղել։




























