Կրեմլում արձանագրում են, որ Սիրիայի վերաբերյալ ՌԴ ու ԱՄՆ բանակցություններում «ամեն ինչ չէ, որ հարթ է», պահպանվում են «կոշտ տարաձայնություններ» խմբավորումների «սպիտակ ու սեւ» ցուցակների վերաբերյալ: «Առայժմ աշխատանքի համար բավականին ընդարձակ դաշտ կա»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ընդ որում նա նշել է, որ կողմերը «լարված աշխատանք են իրականացնում»՝ փոխզիջումներ գտնելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Լարված աշխատանք է իրականացվում, մեր արտգործնախարարը (Սերգեյ Լավրովը) ու ԱՄՆ պետքարտուղարը (Ջոն Քերին) հանդիպում կունենան, այլ ուղղություններով աշխատանք է տարվում, բայց ամեն ինչ չէ, որ հարթ է»,- նկատել է Կրեմլի ներկայացուցիչը:
Որպես օրինակ նա ներկայացրել է սիրիական կազմակերպությունների ցուցակները կազմելու խնդիրը: «Ցուցակների հարցում առայսօր խնդիրներ ու շատ կոշտ տարաձայնություններ կան, թե ով պետք է լինի սպիտակ, իսկ ով՝ սեւ ցուցակում»: «Այսինքն աշխատանքի համար առայժմ լայն դաշտ կա»,- համարում է Պեսկովը: Լավրովն ու Քերին Ցյուրիխում այս տարվա առաջին բանակցությունները կանցկացնեն: Ավանդաբար օրակարգը , որը ներառում է Սիրիան, Ուկրաինան ու Իրանը, համալրել է նաեւ Կորեական թերակղզու իրավիճակը: Հանդիպման հարցում պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Բարաք Օբամայի հեռախոսազրույցի արդյունքներով:



























