Գերմանիայի Էսսեն քաղաքում (Ռեյն Վեսթֆալիա դաշնային հող) որոնում են 15-ամյա աշակերտուհու, որն անհետացել է հունվարի 20-ի երեկոյան: Մասշտաբային գործողությանը մասնակցում են հարյուրավոր ոստիկաններ, ինչպես նաեւ շներ: Տեղի իշխանությունները դիմել են քաղաքացիներին՝ խնդրելով օգնել աղջկա որոնումներում:

Էսսենի իրավապահ մարմինների փոխանցմամբ, ծնողների բացակայության ժամանակ աղջիկը շանը դուրս է բերել զբոսանքի: Մայրը վերադառնալով տուն, հայտնաբերել է միայն շանը: Միաժամանակ, նկուղից օտար ձայներ են լսվել: Կինը հարեւանին խնդրել է ստուգել նկուղը, եւ այնտեղից մի տղամարդ է դանակով հարձակվել իրենց վրա:

Հարձակվողին զննել չեն հասցրել, նա փախուստի է դիմել: Դեռեւս անհայտ է՝ արդյոք այդ մարդը կապ ունի աղջկա անհետացման հետ, թե ոչ: Էսսեն քաղաքը գտնվում է Քյոլնից 70 կմ հեռավորության վրա, որտեղ Ամանորի գիշերը փախստականների մասնակցությամբ անկարգություններ էին տեղի ունեցել: