Անգելա Մերկելը քննադատության կենտրոնում է հայտնվել։ «Եղբայրական» Քրիստոնեա-սոցիալիստական միության կողմից գործադրվող ճնշումն արդեն սովորական է դարձել։ Բայց զարմանք է առաջ բերում այն, որ լրատվամիջոցները միաձայն ազդարարում են «Մերկելի դարաշրջանի» անկումը։ Այս մասին գրում է DW-ի տեսաբան Քրիստոֆ Շթրաքը։
Մերկելը հունվարի 20-ին այս տարի արդեն 2-րդ անգամ մեկնելու է բավարական Վիլդբադ-Քրոյթ բնակավայր, որտեղ ավանդաբար ընթանում են Քրիստոնեա-սոցիալիստական միության ղեկավարների նիստերը։ Երկրում քննադատական եւ կտրուկ տրամադրությունները բոլորովին նոր մասշտաբ են ստանում։ Գերմանիայի սահմանները փախստականների առաջ բացած Մերկելը քննադատության առաջին թիրախն է։ Ընդ որում, չնայած իրավիճակի ողջ դրամատիկությանը, այդ քննադատության մասշտաբները զարմանք են առաջացնում։ Հույզերը փոթորկում են գերմանական բոլոր լրատվամիջոցներում։
Բոլորը կանցլերի դեմ են։ Օրինակ՝ Neue Züricher Zeitung-ում «ՔՍՄ-ն ճնշում է Մերկելին» վերտառությամբ հոդված է լույս տեսել, ինչը կիսով չափ է համապատասխանում իրականությանը։ Ավելի ճիշտ կլիներ գրել «ՔՍՄ-ն «հավատարիմ է իրեն եւ շարունակում է ճնշում գործադրել Մերկելի վրա», քանի որ եղբայրական» Քրիստոնեա-սոցիալիստական միությունը միշտ էլ ունեցել է ՔԴՄ ղեկավար Մերկելին զայրացնելու ցանկություն։
Սակայն դա իհարկե բոլորովին չի նշանակում, որ փախստականների հարցում Մերկելի քաղաքականության քննադատությունն անընդունելի է։ Գերմանիային Քյոլնի դրամատիկ դեպքերի ֆոնին հետաքրքիր քաղաքական տարի է սպասում։ Սակայն նախքան այդ դեպքերն արդեն իսկ պարզ էր, որ կուսակցությունների ավանդական քաղաքական հակասությունները մտնում են նախընտրական քարոզարշավի փուլ։ Մոտավորապես 2 ամսից ընտրություններ են կայանալու երեք դաշնային հողերում։ Այդ օրը կարող է ֆրաու Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միության համար ներկուսակցական հաշիվները մաքրելու վերջին օրը դառնալ։
Ընդ որում, շատերը աչք են փակում այն հանգամանքի վրա, որ ներքաղաքական վիճակն ավելի բարդ է դառնում, ավելի ակնհայտ են թերացումներն ու բացթողումները՝ սկսած հունական տնտեսությունը փրկելու նախագծից մինչեւ անվերջ առաջ քաշվող նոր միգրացիոն օրենսդրություն։
Այս տարի լուծվելու է ոչ միայն այն հարցը, թե կմնա արդյոք Անգելա Մերկելը կանցլերի պաշտոնում, այլ նաեւ ամփոփվելու են իշխանության գլուխ եղած նրա տարիների արդյունքները։ Վիլդբադ-Քրոյթ կրկնակի այցելությունը ակնհայտ մատնանշում է իրավիճակի լրջությունը։ Սակայն դեռեւս ոչինչ լուծված չէ, անգամ եթե քննադատներն ու լրատվամիջոցները անհամբեր սպասում են դրան։



























