«Կարճլիկ» մականունով հայտնի մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսման Լոերան «Ալտիպլանո» բանտում դեպրեսիայի մեջ է, եւ նրան օգնելու համար բանտի ղեկավարությունը առաջարկել է կարդալ Սերվանտեսի «Դոն Քիշոտը» (կամ «Դոն Կիխոտը») վեպը։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի Հանցագործությունների կանխման եւ սոցիալական վերաինտեգրման վարչության ղեկավար Էդուարդո Հերերոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նրան մեզ մոտ են բերել արդեն ճնշված վիճակում՝ կյանքից հոգնած, անվերջ փախուստի մեջ։ Այդ մասին նա ասել էր առաջին հարցաքննության ժամանակ։ Այդ պատճառով մենք նրան տվել ենք «Դոն Քիշոտը» գիրքը»,- ասել է նա Imagen ռադիոյին տված հարցազրույցում։
«Կարճլիկին» ձերբակալել էին հունվարի 8-ին։


























