Վրաստանի Ախալքաղաքի եւ Նինոծմինդայի շրջաններն այսուհետ ընտրություններում կմիավորվեն՝ խորհրդարանում ներկայանալով 1 պատգամավորով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Ռուսլան Պողոսյանը:
Նրա խոսքով, բանն այն է, որ որեւէ տեղ չի գրված, որ մեկ այլ շրջանում պատգամավորի թեկնածուն չի կարող հայ լինել: «Վրաստանում մեծամասնական եւ համամասնական ընտրակարգ է գործում, այդ պատճառով սկզբունքորեն ցանկացած կուսակցություն կարող է իր ցանկի անցողակի տեղերում հայերի ներառել»,- նշեց Պողոսյանը:
Վրաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն, 47 հազար ընտրող ունեցող շրջանը մեկ ընտրատարածք է: «Դա տարածվում է Վրաստանի ամբողջ տարածքի վրա: Երկրի 47 հազար քաղաքացիներ՝ անկախ կրոնական, ռասայական կամ այլ պատկանելությունից, մեկ պատգամավոր են ընտրում»,- պարզաբանեց Ռուսլան Պողոսյանը:
Վրաստանում, ըստ հայազգի պատգամավորի, կային շրջաններ, որտեղ 8 հազար ընտրող կար, որոշներում էլ՝ 200-ական ընտրող: «Եվ այդ շրջանները մեկական պատգամավոր ունեին՝ ընտրված մեծամասնական ընտրակարգով, ինչը խախտում էր հավասար ներկայացվածության սկզբունքը»,- հավելեց Պողոսյանը:
Այս տարվա հունվարին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է երկրի Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, որը նախաձեռնել էր խորհրդարանական մեծամասնությունը: Դրանք վերաբերում են մեծամասնական ընտրատարածքներին, որոնք այսուհետ խոշորացվելու են եւ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին ձեւավորվելու են նոր կարգով:
Նոր կարգի համաձայն, ընտրատարածքը միջինը պետք է ներառի 47 հազար ընտրող: Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի խորհրդով, շեղում կարող է արվել 10%-ի չափով:




























