Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու աշխատանքները, սակայն դժվարացել է կանխատեսել, թե արդյոք այդ ջանքերն հաջողությամբ կպսակվեն։

«Թուրքիան եւ Իսրայելը նախկինում հիանալի հարաբերություններ են ունեցել։ Մենք չէինք ցանկանա վատթարացնել դրանք, եւ մենք չենք եղել մեղավորը։ Մենք ողջունում ենք քաղաքական գծի ցանկացած փոփոխություն»,- ասել է Նեթանյահուն Երուսաղեմում հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպման ավարտին։

Նեթանյահուն հավելել է, թե չգիտի, արդյոք իրենք հաջողության կհասնեն, սակայն պետք է շարունակել ջանքերը։ Նա հասկացնել է տվել, որ Թուրքիայի հարցում դիվանագիտական ջանքերը կախված չեն Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի հետ համագործակցության զարգացումից, որոնց առաջնորդների հետ Նեթանյահուն կհանդիպի հունվարի 28-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնում էին, որ Իսրայելն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման համաձայնագրի փաթեթ են նախապատրաստում։

Նշենք, որ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները սառել էին 2010թ. «Ազատության նավատորմի» միջադեպի պատճառով։ Իսրայելը գրավել էր Գազայի հատված ուղեւորվող թուրքական նավերը, ինչի հետեւանքով սպանվել էր 9 թուրք։