«Ռիկոմ-Թրաստ» ինժեներական կենտրոնի վերլուծական բաժնի ղեկավար Օլեգ Աբելեւը հայտարարել է, որ Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվելիք ատոմային կայանի արժեքը տատանվում է 18-20 մլրդ դոլարի սահմաններում։ Կայանը կունենա 4 բլոկ՝ 4,6 գիգավատտ ընդհանուր հզորությամբ։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2016 թ.՝ միջերկրածովյան Մերսին նավահանգստի մերձակայքում։ Կայանի կառուցման գլխավոր կապալառուն «Ատոմստրոյէքսպորտն» է։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Թուրքիայում ատոմակայանի կառուցման վերաբերյալ համաձայնությունը «ռուսաստանյան էներգետիկների լուրջ հաջողությունն է», ինչը թույլ կտա հայրենական գործարանները ապահովել պատվերներով։





























