Էներգակիրների գներն անկում են ապրում, եւ Ռուսաստանի տնտեսությունը ռեցեսիայի մեջ է: Այս մասին «The Foreign Affairs»-ում հրապարակված հոդվածում գրում է Ալեքսանդր Մոտիլը:
Ըստ հեղինակի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սովորաբար անհաղթ էր թվում: «Այսօր նա թուլացած, շփոթված, հուսահատ է թվում: Ավելի ու ավելի շատ ռուսաստանցի եւ արեւմտյան մեկնաբաններ են կարծում, որ Ռուսաստանը խորն անկայունության մեջ է, հնարավոր է՝ նույնիսկ կոլափսի:
Երկրի տնտեսությունն անկայուն է թվում: Պուտինը մանեւրում էր արեւմտյան գործիչների եւ ներքին քննադատության հարցում: Նրա ժողովրդականությունը հսկայական էր: Հիմա մնացել է միայն ժողովրդականությունը, մնացած ամեն ինչ դեպի վատն է փոխվել: Ղրիմն ու Դոնբասը ռուսական ռեսուրսների համար հսկայական ծախսեր եւ տնտեսական ճեղքվածք են առաջացնում: Ուկրաինայի հետ պատերազմը փակուղի է մտել: Ուկրաինայի, Թուրքիայի եւ Արեւմուտքի դեմ Պուտինի տնտեսական պատժիչ միջոցառումները միայն նպաստեցին ռուսական տնտեսության հետագա վատթարացմանը»,- գրում է հեղինակը:
Ըստ նրա, Ռուսաստանը Պուտինի կառավարման արդյունքում առաջացած երեք ճգնաժամ է ապրում, եւ Ուկրաինայում ու Սիրիայում Ռուսաստանի արտաքին քաղաքական «անհաջողությունները» միայն ավելացնում են դրանք:
«Նախ՝ ռուսական տնտեսությունն ազատ անկման վիճակում է: Բավական է միայն այն, որ նավթի եւ գազի գների աճն առաջիկայում քիչ հավանական է թվում: Բացի այդ, էներգակիրներից կախված ռուսական տնտեսությունը կազմավորված, մրցունակ, արդիականացած չէ եւ այդպիսին կմնա, քանի դեռ որպես ռուսական քաղաքական վերնախավի համար հարստություն դիզող մեքենա է ծառայում»,- նշում է հոդվածագիրը:
Երկրորդ, ըստ հեղինակի, Պուտինի քաղաքական համակարգն ապաինտեգրվում է: «Իշխանության ծայրահեղ կենտրոնացումը հանգեցրեց հակառակ արդյունքի՝ բյուրոկրատներին խրախուսելով սեփական շահերը հետապնդել եւ տարածաշրջանային վերնախավերն հնարավորություն ընձեռելով ավելի ու ավելի քիչ ենթարկվող դառնալ: Չեչնիայում Պուտինի «ուժեղ մարդը»՝ Ռամզան Կադիրովը, դրա առաջին օրինակն է»,- նշում է հոդվածագիրը:
Եվ երրորդ, հենց Պուտինի համար ուժերի ծաղկման շրջանն անցել է: «2013 թվականին Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելու՝ Ուկրաինայի փորձերին խոչընդոտելու աղետալի որոշման ժամանակներից ի վեր Պուտինը մեկը մյուսի հետեւից ռազմավարական սխալներ է թույլ տալիս: Նրա՝ մաչոյի երբեմնի գրավիչ կերպարը սպառվել է, եւ օրացույցի եւ մեջբերումներով գրքի միջոցով («Աշխարհը փոխած բառեր. Վլադիմիր Պուտինից առանցքային մեջբերումներ» - խմբ.) միջոցով անձի պաշտամունք ստեղծելու՝ Պուտինի փորձերը ծիծաղելի եւ հուսահատ են թվում»,- ամփոփում է Ալեքսանդր Մոտիլը:



























