ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցներից մեկի տապալումը դեռ հաղթանակ չէ, Ադրբեջանը նախապատրաստել էր երկու հարված, մեկը կարողացավ իրագործել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով այն հայտարարություններին, թե Հայաստանը կարողացավ հաղթել Ադրբեջանին՝ երկու զեկույցներից մեկը տապալելով։
«Չի հաջողվել տապալել ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցները, եթե դու անդամակցում ես մի կառույցի, որտեղ ունես հակառակորդներ, եւ նրանց հաջողվել է մեկի հարցում, ապա ես կարծում եմ՝ պարտվել ենք։ Նրանք երկու փաստաթուղթ էին ներկայացրել, մեկը անցել է։ Երկու հարված էին նախապատրաստել, մեկը կարողացան իրագործել։ Այսինքն՝ երկու գոլի հնարավորություն ունեին, մեկին հասան, սրա ի՞նչն է հաղթանակ»,-ասաց Փոստանջյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հայաստանի պատվիրակությունը պետք է այս զեկույցների դեմ սկսեր պայքարել ու աշխատել դեռեւս այն պահից, երբ դրանք նոր նախագծեր էին դառնում։
«Այդ զեկույցները մի օրում չեն ծնվում, ժամանակի ընթացքի մեջ են լինում։ Տարբեր օղակներով են անցնում մինչեւ դառնում են զեկույց։ Այսինքն՝ նոր ծնվելու ժամանակ պետք է օգտագործես ռեսուրսներն ու հնարավորությունները դրա դեմն առնելու համար։ Այնպես չէ, որ ադրբեջանցիները կարող են իրենց դիվանագիտությունը բանեցնել, իսկ դու միայն լսես ու դիտես»։
Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Հայաստանի պատվիրակությունը պետք է պաշտպանվողի կեցվածքից անցնի հարձակվողի։ Հակառակորդ երկրում տիրող մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ այնպիսի զեկույցներով պիտի հանդես գա, որ հակառակորդները ընկնեն հայկական կողմի զեկույցները չեզոքացնելու հետեւից։
«Մեր պատվիրակության անդամները այլ պատվիրակության անդամների հետ պետք է բազմաթիվ նախագծեր նախաձեռնեն զեկույցների տեսքով, որոնք վերաբերում են Թուրքիայում ու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին։ Առնվազն ամեն մի նստաշրջանում տասը զեկույցի նախագիծ ներկայացնեն, որպեսզի նույն այդ Ադրբեջանն ու Թուրքիան գնան փորձեն փակել իրենց խնդիրները, ոչ թե մեր վրա հարձակվեն»,-ամփոփեց Զարուհի Փոստանջյանը։




























