Հունվարի 28-ին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր հավատարմագրերը հանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Նախագահ Օբաման շնորհավորեց դեսպան Հովհաննիսյանին հավատարմագրման կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ դեսպան Հովհաննիսյանի փորձառությունները օգտակար կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում երկու պետությունների բարեկամությունն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու առումով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե դեսպան Հովհաննիսյանը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու ջերմ բարեմաղթանքները: Նա նաեւ նշեց, որ Նախագահը Սարգսյանն ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին, ինչի համար նախագահ Օբաման հայտնեց իր երախտագիտությունը՝ միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության այս նախաձեռնությանը:

Իր ուղերձում նախագահ Օբաման նշեց, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առեւտրային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս: