Նավթի գների անկումը չափազանց ցավոտ է նավթ արդյունահանող երկրների համար, սակայն բարենպաստ ազդեցություն է ունենում մնացած աշխարհի վրա։ Նման կարծիք է հայտնել բերլուծաբան Հոլգեր Շթելթցները։

«Որքան սխալ են նավթի գների հարցում բոլոր կանխատեսումները, այնքան գեղեցիկ են այդ կապակցությամբ պատմվող պատմությունները։ Օրինակ՝ Energiewende գերմանական ընկերությունը կարծում է, որ նավթի գները կարող են միայն աճել, ինչը նշանակում է, որ վերականգնվող աղբյուրների էներգիային անցում կատարելը միայն շահավետ է ցանկացած դեպքում»,- պնդում են էներգետիկ հեղաշրջման կողմնակիցները, փոխանցում է  DW-ն։

Այսօր նավթի գինը հասել է վերջին 12 տարվա ամենացածր ցուցանիշին, իսկ Գերմանիայի էներգետիկ քաղաքականությունը գերմանացի սպառողներին տարեկան 22 մլրդ եվրո է արժենում։ «Վերջին մեկ տարվա մյուս գեղեցիկ հեքիաթն էլ այն է, որ եթե Սաուդյան Արաբիան ամբողջովին բացի նավթային խողովակի փականը, ապա նավթի գինը կնվազի մինչեւ բարելի դիմաց 60 դոլար, ինչը կհանգեցնի շատ ամերիկյան ընկերությունների սնանկացմանը։ Սակայն քանի՞ ամերիկյան ընկերություն է շարքից դուրս եկել։ Նրանց մեծ մասը շարունակում է նավթ ու գազ արդյունահանել»,- գրում է հեղինակը։

Վերլուծաբանի կարծիքով  չի կարելի ասել, թե ԱՄՆ-ի՝ ամենախոշոր նավթ արտադրող երկիր դառնալու հանգամանքը սասանել է էներգետիկ մյուս հսկայի՝ Ռուսաստանի դիրքերը։ Ռուսաստանում այսօր այնքան նավթ է արդյուհանվում, որքան երբեք նախկինում։

Սաուդյան Արաբիային չի հաջողվի կանգնեցնել Իրանի վերադարձը շուկա, եթե անգամ սկսի առավելագույն քանակությամբ նավթ արդյունահանել։ Սաուդյան Արաբիայի համար դա կարող է իրական աղետ դառնալ, քանի որ Իրանի շիա բնակչությամբ խիտ բնակեցված տարածքում նավթային միլիարդները նոր խթան կհանդիսանան տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս կրոնական պատերազմի համար։

Սակայն քաղաքական,  կրոնական եւ աշխարհաքաղաքական պատկերացումներից բացի, կա նաեւ նավթի համաշխարհային շուկան։ Այստեղ բավական է ընդամենը սթափ հայացք գցել առաջարկի եւ պահանջարկի վրա։ Համաշխարհային շուկան կարող է խեղդվել նավթի ավելցուկից, կարծում է Միջազգային էներգետիկ գործակալությունը։ Միգուցե դա չափազանցություն է, սակայն փաստը մնում է փաստ, որ նավթի պահեստները լեփ-լեցուն են, իսկ ՕՊԵԿ-ը շարունակում է ավելի շատ նավթ արդյունահանել։

«Գերարտադրության պատճառները շատ տրամաբանական են։ Նավթարդյունահանող ընկերների մեծ մասը ստիպված է «սեւ ոսկին» վաճառել ցանկացած գնով, իսկ ՕՊԵԿ-ի ազդեցությունը թուլանում է մարդկանց աչքերի առաջ։

Որքան ցավոտ է նավթի ցածր գների ազդեցությունը նավթարդյունաբերող երկրների վրա, այնքան էլ բարենպաստ է դա անդրադառնում մյուս աշխարհի վրա։ Այն 500 մլրդ դոլարը, որը տնտեսում են նավթի ցածր գները, չեն անհետանում, այլ ակտիվորեն ծախսվում են ներկրող երկրների սպառողների կողմից կամ ներդրումներ են կատարվում այլ ոլորտներում»,- նշում է հեղինակը։

Միջնաժամկետ հեռանկարում նավթի գինը կվերականգնի աճը։ Քանի որ նավթային ընկերությունները զանգվածաբար կրճատում են ներդրումները, ինչը վաղ թե ուշ առաջ կբերի հակառակ արդյունքը։