Կիսաֆրանսիացի-կիսաշվեյցարացի խոհարար Բենուա Վիոլիեն, որը 2015թ. ճանաչվել էր աշխարհի լավագույն խոհարար, ինքնասպան է եղել, հայտնում է lefigaro-ն։ Փետրվարի 1-ին Վիոլիեն պետք է ներկա լիներ Փարիզում «Միշլենի կարմիր ուղեցույցի» նոր համարի թողարկմանը, որը աշխարհի ամենահեղինակավոր ռեստորանային վարկանիշն է, փոխանցում է  RG-ն։

Խոհարարի մարմինը ոստիկանները գտել էին կիրակի Շվեյցարիայի նրա տանը։ Հարուցվել է քրեական գործ մահվան հանգամանքները պարզելու համար։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը ինքնասպան է եղել ատրճանակով։

Նշենք, որ 2012թ. նա դարձել էր Շվեյցարիայի Կրիսիե քաղաքի Hôtel de Ville ռեստորանի գլխավոր խոհարարը։ Այն աշխարհի 3-րդ ամենաթանկ խոհանոցն է։

Բենուա Վիոլիեն իր վերջին հարցազրույցներում հայտնել էր, որ 2015թ. ապրիլին կորցրել է իր «երկու ծնողներին»՝ հորը եւ իր ուսուցիչ Ֆիլիպ Ռոշին։