Դուբայի միջազգային օդանավակայանը ուղեւորների քանակով աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանն է, հայտնում է  Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ նոր ավիաընկերությունների եւ չվերթների ավելանալու պատճառով օդանավակայանի թրաֆիկը 2015թ. 10.7 տոկոսով աճել է։ Նա նաեւ նշել է, որ միայն անցյալ տարվա դեկտեմբերին օդանավակայանով թռիչք է իրականացրել 7.05 մլն մարդ։

Հաղորդվում է, որ Դուբայի միջազգային օդանավակայանը դարձել է ամենածանրաբեռնվածը՝ առաջ անցնելով Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից, որի ծառայություններից 2015թ. օգտվել է 75 մլն ուղեւոր։

Դուբայի օդանավակայանի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ներկայումս փորձարկվում է նոր տերմինալը, որն իր աշխատանքները կսկսի այս եռամսյակում։