Դսեղ գյուղում փետրվարի 1-ի երեկոյան բանակի քեֆի ժամանակ 42-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանին ձախ սրունքի շրջանում հրազենային վնասվածք հասցնելու կասկածանքով կա ձերբակալված: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քնչական կոմիտեից:
Ըստ Քննչականի՝ նախնական տվյալներով՝ 42-ամյա Արարատ Խաչատրյանը հրազենային վնասվածքն ստացել է «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտակայքում:
Հարցաքննության ժամանակ կասկածյալը հայտարարել է, որ իրեն պատկանող որսորդական հրացանով անզգուշաբար կրակելու հետևանքով է Ա.Խաչատրյանին պատճառել վնասվածք:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով կասկածյալից վերցվել են փորձանմուշներ և նշանակվել փորձաքննություն։
Նշենք, որ Արարատ Խաչատրյանը այժմ Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում է, նա վիրահատվել է, վիճակը կայուն է, շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում փետրվարի 1-ին երեկոյան բանակի քեֆի ժամանակ ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում կրակոցներ են հնչել եւ մեկ հոգի վիրավորվել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 112-րդ հոդվածի 1 մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահելը:




























