Համայնքների խոշորացման ծրագրով փետրվարի 14-ին Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզերում համայնքապետի ընտրություններից 22 գյուղական համայնք կմիավորվի երեք խոշոր համայնքների շուրջ։

Տաթեւ համայնքի խոշորացման արդյունքում կմիավորվեն Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները: Միավորված համայնքի կենտրոնը կլինի Շինուհայրը` համեմատաբար զարգացած ենթակառուցվածքների եւ բնակչության առավել մեծ թվի պատճառով։

Տաթեւ համայնքում համայնքապետի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու` ՀՀԿ ներկայացուցիչ, Տաթեւ գործող համայնքապետ Մուրադ Սիմոնյանը, անկուսակցական Իգոր Աբրահամյանը եւ Վարշամ Բագրատյանը:

Տավուշի մարզում Դիլիջան կենտրոնի շուրջ կմիավորվեն Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները: Համայնքապետի ընտրություններում կպայքարեն ՀՀԿ-ական, Դիլիջանի ներկայիս համայնքապետ Արմեն Սանթրոսյանը եւ  անկուսակցական Ժորա Սահաբալյանը:

Լոռու մարզի Թումանյան համայնքի շուրջ կմիավորվեն Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները: Համայնքապետի ընտրություններում առաջադրված է մեկ  թեկնածու` ՀՀԿ անդամ, Թումանյան համայնքի գործող ղեկավար Լեւոն Զավարյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թեկնածուներից մյուսը` Թումանյանի քաղաքապետարանի 1–ին կարգի մասնագետ Էդգար Պետրոսյանը, ինքնաբացարկ էր հայտարարել:

Փոքր համայնքների գործող ղեկավարներից ոչ մեկն իր թեկնածությունը չի առաջադրել։