Ստամբուլում մի խումբ թուրք լրագրողներ նախագահ Էրդողանի քարոզչության դեմ են դուրս եկել եւ մտել են ոչ պաշտոնապես Թուրքիայի քրդերի մայրաքաղաք կոչվող Դիարբեքիր քաղաք, որպեսզի պատմեն, թե իրականում ինչ է տեղի ունենում բախումների գոտում, հայտնում է Deutschlandfunk-ը։
Քաղաքի պատմական կենտրոնում վերջին ժամանակներս կատաղի մարտեր են ընթանում, քաղաքացիական բնակչությունը դիմում է փախուստի։ Քրդական թերթերի լրագրողները բարդ իրադրության մեջ են հայտնվել։ Նրանցից շատերը կալանավորված են։
«Էրդողանի կառավարությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե լիովին վերահսկում է Սուրը եւ դրա համար օգտագործում է իրեն ենթակա լրատվամիջոցները։ Սակայն թերթերի ներկայացուցիչները քաղաքի «անվտանգ» շրջաններով տեղափոխվում են բացառապես զրահապատ մեքենաներով։ Հենց այդ պատճառով էլ մենք նախաձեռնությունը մեր ձեռքն ենք վերցրել։ Մենք գիտենք, թե ինչպես են աշխատում կառավարության նկատմամբ չեզոք լրատվամիջոցները։ Նրանք ճշմարտությունը չեն ասի»,- ընդգծում է լրագրողը։
Deutschlandfunk-ը նշում է, որ վերջին ժամանակներս անհնար է այս կամ այն կողմի զոհերի մասին հստակ տեղեկություններ ստանալը։




























