Մեթյու Բրայզայի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակման վերաբերյալ քննարկումները շատ թեժ են լինելու: Ամերիկահայերն արդեն ակտիվացնում են իրենց արշավը, որպեսզի խոչընդոտեն այդ պաշտոնում Բրայզային նշանակմանը, գրում է The Washington Times-ը: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Բրայզայի թեկնածությանն անդրադառնալու է սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության օրը:
Ինչպես գրում է թերթը, այս հարցում հայերն ստացել են Կիպրոսի ամերիկացիների աջակցությունը, ովքեր պնդում են, որ Բրայզան, ում կինը թրքուհի է, կանխակալ մոտեցում ունի եւ հակված է պաշտպանել Թուրքիայի դիրքորոշումը Կիպրոսի հարցում:
«Պարոն Բրայզան, ամեն նոր ստի հետ, իր համար փոս է փորում, որը գնալով խորանում ու խորանում է, ցույց տալով, թե ինչու նա այդպես ակնհայտորեն չի համապատասխանում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար»,- ասել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ըստ պարբերականի, «Ամերիկայի Կիպրոսի գործողությունների ցանց» կազմակերպությունը սեպտեմբերի 13-ին հայտարարել է, որ իրենք դեմ են Բրայզայի նշանակմանը: «Մեթյու Բրայզայի մտահոգիչ դիվանագիտական կենսագրությունը, ինչպես նաեւ նրա կողմնակալ վերաբերմունքը Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ժխտելու, անօրինականորեն Կիպրոս ներխուժելու եւ օկուպացնելու հարցերում, նրան ոչ պիտանի են դարձնում ցանկացած պաշտոնի համար»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
«Կիպրոսի ամերիկացիները բողոքում են, որ Բրայզան հրաժարվել է դատապարտել թուրքական զորքերի ներկայությունը Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում, որը ճանաչել է միայն Թուրքիան: Նրանք նաեւ քննադատում են Բրայզային` Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերի կողմից հայերի նկատմամբ կատարածը «ցեղասպանություն» չորակելու համար»,- գրում է The Washington Times-ը:




























