Տրանսկասպիական միջազգային երթուղին եղել է Թբիլիսիում Վրաստանի եւ Ղազախստանի կառավարական գերատեսչությունների ներկայացուցիչների քննարկման գլխավոր թեման։ Հանդիպումը կայացել է Ղազախստանի փոխվարչապետ Բակիթջան Սագինթաեւի ղեկավարած պատվիրակության այցի շրջանակներում։

Ինչպես հանդիպման ավարտին ասել է Սագինթաեւը, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ղազախստանի երկաթուղային գերատեսչությունները պայմանավորվել են երկաթգծային կոնսորցիում ստեղծել, որը բեռնափոխադրումներ կիրականացնի Չինաստանից Բաթումի նավահանգիստ, իսկ այնտեղից էլ՝ Թուրքիան եւ Եվրոպա, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։

«Դա շատ շահավետ տարանցիկ երթուղի է բոլորի համար, եւ մենք լրջորեն հետաքրքրված ենք նման ընկերություն ստեղծելու հարցում»,- ասել է Ղազախստանի փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ Ղազախստանը չի պատրաստվում հրաժարվել Բաթումիի նավահանգստի եւ Բաթումիի նավթային տերմինալի իր ակտիվներից, քանի որ դա կապված է Տրանսկասպիական տարանցիկ երթուղու հետ։

Նա նշել է, որ Վրաստանի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին իրեն համոզել է, որ Վրաստանի կառավարությունը կապահովի այդ ակտիվների անվտանգությունը, քանի որ ցանկանում է, որ Ղազախստանը մնա այդ բիզնեսում։

Կումսիշվիլիի խոսքով՝ ղազախական կողմը երաշխավորել է, որ չի հեռանա Բաթումիի նավահանգստից եւ Բաթումիի նավթային տերմինալից, ավելին՝ պլանավորում է ներդրումներ կատարել այդ օբյեկտներում։

«Մենք բարձրացրել ենք հարցն առ այն, որ ղազախական բեռները նույնպես անցնեն այդ միջանցքով եւ որ այդ միջանցքով հնարավորինս շատ Ղազախստանից բեռնափոխադրումներ իրականացվեն»,- հավելել է Կումսիշվիլին։